Success:
- Էրեխեք, հիմա մի հարց եմ տալիս ձեզ. ինչ պետք է անել եկեղեցուց գողացողների հետ:
- Պատժել...
- Ծեծել...
- Մահապատժի ենթարկել...
- Ամոթահար անել ու մեկուսացնել...
- Իսկ Մխիթար Գոշը 12-րդ դարում իր ՙԴատաստանագրքում՚ այսպես է գրում. ՙԵթե ժառանգավորներից կամ ժողովրդականներից մեկը գողանա եկեղեցուց մոմեղեն, կամ ձեթ, որոշումն այսպես է. հնգապատիկը պիտի տուժի... Եվ չլինի որեւէ մեկը, որ կարիքի համար անգամ գողանա, որովհետեւ գողությունը օրինազանցություն է եւ եթե մեկը բռնվի` պատուհասված պիտի դատվի՚:
- Իսկ մեր քրեական օրենսգրքով ներկայումս գողության համար հետևյալ պատիժներն են սահմանվում...
Overview:
Այս զրույցը մի հատված է օգոստոսի 15-ին դեպի Գոշավանք կազմակերպված արշավի ընթացքից: Նման քննարկումների միջոցով Վանաձորի ՀՎԿ անդամները արշավի մասնակիցներին ներկայացնում էին տարբեր իրավախախտումներ ու համեմատություններ անցկացնում 12-րդ դարի հայ ականավոր առակագիր ու օրենսդիր Մխրթար Գոշի ՙԴատաստանագրքով՚ ու ներկայումս գործող ՀՀ Քրեական օրենսգրքով այդ իրավախախտումների համար նախատեսված տույժերի միջև: Արշավի մասնակիցները Վանաձորի ՀՎԿ ուղղորդված անչափահաս իրավախախտներն ու Վանաձորի թիվ 5 դպրոցի ԱՎԽ-ի ներկայացուցիչներն էին: Հրավիրված էին նաև ՀՎԿ կամավորներ ու համագործակիցներ, այդ թվում` Վանաձորի ԱԳԽ հանձնաժողովի գլխավոր մասնագետ Լեռնուհի Գևորգյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս պարոն Խառատյանը, ՎՊՄՀ պատմության դասախոս պարոն Չատինյանը: Մասնակիցների նման կազմը բարենպաստ միջավայր էր ստեղծում արշավի նպատակներից մեկին` անչափահասների մոտ համայնքի լիարժեք անդամ լինելու գիտակցության ամրապնդմանը հասնելու համար: (Մի հետաքրքիր փաստ. արշավի մասնակիցների թվում էին մի գործի շրջանակներում ՀՎԿ ուղղորդված իրավախախտն ու նույն գործով ներգրավված տուժողը: Արդյունքը: Այս երկուսի անստվեր ու ընկերական փոխհարաբերությունները ամբողջ արշավի ընթացքում:)
Արշավը ներառում էր այցելություն Գոշավանք, որտեղ իր հիմնական գործունեությունն է ծավալել Մխիթար Գոշը), Գոշ գյուղի երկրագիտական թանգարան, գյուղի մոտակայքում գտնվող փոքրիկ լճակ:
Հենց լճակի մոտ էլ կազմակերպվեց արշավի երկրորդ հիմնական բաղադրիչը` Մխիթար Գոշի առակների ներկայացումն ու դրանց շուրջ քննարկումը: ՎԽ անդամ Գնելը ընդհանուր գծերով ներկայացրեց սցենար գրելու և Ֆիլմ նկարահանելու ամենաէական սկզբունքներն ու առանձնահատկությունները: Քննարկումների արդյունքում ընտրվեց Գոշի առակներից մեկը, որի հիման վրա կպատրաստվի մի փոքր Ֆիլմ` դառնալով Վանաձորի ՀՎԿ և թիվ 5 դպրոցի ԱՎԽ համատեղ արտադրանքը, ինչն էլ ամուր կապ կստեղծի արշավի մասնակիցների միջև: Ֆիլմի պատրաստման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից` դառնալով այս արշավի իմատալից շարունակությունն ու արդյունավետ ամփոփումը: