|
Արդեն մեկ ամիս է, ինչ Փի Էյչ Ինթերնեշնլ կազմակերպությունը ստացել է 4 տարի տևողությամբ դրամաշնորհ ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնի կողմից` ԶԱՆԳ Հայաստանում Իրավական սոցիալականացման ծրագիրը շարունակելու համար: Մարտի 31-ին Փի Էյչ- Ինթերնեշնլ կազմակերպության անձնակազմը հրավիրել էր ԶԱՆԳ-ի շրջանակներում գործող վեց Համայնքային վերականգնողական կենտրոնների աշխատակազմերին` այդ իրադարձությունը նշելու և հետագա աշխատանքային ծրագրերը քննարկելու համար:
Հանդիպման սկզբում յուրաքանչյուր ՀՎԿ ներկայացրեց իր ընթացիկ աշխատանքները: Նշված լավագույն հաջողությունն այն էր, որ չնայած մարտ ամսին ֆինանսավորման ժամանակավոր դադարեցմանը, կենտրոնները շարունակել են իրենց աշխատանքը անչափահաս իրավախախտների հետ: Մարտ ամսվա դրությամբ ավելի քան 220 իրավախախտման գործեր են լսվել ԶԱՆԳ ՀՎԿ խորհուրդների կողմից, որոնց մեծամասնությունը ավարտվել են վերականգնման հաջողված արդյունքներով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հետագա նպատակներն ու ակնկալիքները, ներկայացվեցին նոր բաղադրիչները, ինչպիսիք են համագործակցություն համալսարանների հետ եւ ՙիրավախախտների օրագիր՚ ծրագիրը: Փոխհատուցման պայմանագրի կետերից մեկը կլինի իրավախախտների կողմից օրագրի վարումը, որտեղ նրանք գրի կառնեն իրենց վերականգնողական փորձը: Այս նախաձեռնությունը կհամակարգվի ԲՈՒՀ-երի մանկավարժական, սոցիալական աշխատանքի եւ իրավաբանական բաժինների ուսանողների օգնությամբ, ովքեր իրենց ուսումնական պրակտիկան կանցնեն ՀՎԿ-ում: Այս նոր բաղադրիչը կօգնի ոչ միայն որակական տվյալներ հավաքել իրավախախտ անչափահասների վերականգնման ընթացքի վերաբերյալ, այլ նաեւ կնպաստի ՀՎԿ - ԲՈՒՀ համագործակցությանը:
Հանդիպմանը քննարկվեց եւս մեկ կարեւոր հարց` ՀՎԿ ֆինանսական կայունության անհրաժեշտությունը: Ներկաները համաձայնության եկան, որ Փի Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության եւ ՀՎԿ-ներ կարող են դա իրականացնել միայն համատեղ ջանքերի միջոցով, մշակելով ՀՎԿ կայուն զարգացման ռազմավարություն:
Ի լրումն այս ամենի, մասնակիցները արտահայտեցին ՀՎԿ ծրագիրն իրականացնելու իրենց ոգեւորությունն ու պատրաստակամությունը, կիսվեցին իրենց հաջողություններով, դժվարություններով ու քաղած դասերով, ինչպես նաեւ առաջարկություններ արեցին ծրագրի հետագա իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը հաճելի անակնկալ էր պատրաստել Վանաձորի ՀՎԿ թիմը, որի անդամները ԶԱՆԳ ծրագրին հանձնեցին մի զանգակ` պատրաստված ՀՎԿ խորհրդի անդամ Գնել Հակոբյանի ձեռքերով: Այն խորհրդանշում է ԶԱՆԳ ծրագրի առաքելությունը եւ Համայնքային վերականգնողական կենտրոնում անչափահասներին տրամադրվող աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը:
Շնորհավորում ենք և հաջողություններ մաղթում ՀՎԿ թիմերին:
|