|
Նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ համաժողով, որի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ֆինանսավորվող և Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից 2003 թ-ից իրականացվող ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագրի (ՀԻՍԾ) ձեռքբերումները: Այս ծրագիրը ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի հետ սերտ համագործակցության արդյունք է: Համաժողովին ներկայացվեցին ծրագրի հիմնական բաղադրիչները ` Համայնքային վերականգնողական կենտրոնները (ՀՎԿ) և դպրոցահենք Աշակերտական վերականգնողական խորհուրդները (ԱՎԽ), ինչպես նաև քննարկվեցին ծրագրի զարգացման և շարունակելիության ապահովման հետ կապված հարցերը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Փի-Էյչ Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էնն Մարթինը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի Անդրազգային հանցավորության հարցերով ծրագրի ղեկավար Ջոն Մահերը, Փի-Էյչ Ինթերնեշնլ հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Լալա Ղազարյանը: Նրանք բոլորը ողջունեցին մասնակիցներին և կարևորեցին ԶԱՆԳ ծրագրի գործունեությունը, ուղղված իրավական սոցիալականացման և իրավախախտ անչափահասների այլընտրանքային արդարադատության զարգացմանը:
Համաժողովին ելույթ ունեցան ԶԱՆԳ ծրագրի անձնակազմը, ՀՎԿ համակարգողները և ԱՎԽ անդամները: ԶԱՆԳ ծրագրի ղեկավար Արմինե Սուքիասյանը ընդհանուր ներկայացրեց ծրագիրը, հիմնական ձեռքբերումներն ու նպարակները: Երևանի և Գյումրիի ՀՎԿ-ները համակարգող Արմեն Բեջանյանը և Արմինե Գմյուր-Կարապետյանը խոսեցին ՀՎԿ գործունեության սկզբունքների և իրենց աշխատանքային փորձի մասին: Վանաձորի ՀՎԿ թիմը պատրաստել էր մի տեսաֆիլմ, որը պատմում էր կենտրոն ուղղորդված իրավախախտման և տեղի ունեցած վերականգնողական գործընթացի մասին, ներկայացվեցին հարցազրույցներ ծնողների հետ: ԱՎԽ բաղադրիչը ներկայացրեցին ԶԱՆԳ ծրագրի համակրգող Ձյունիկ Վանեսյանը և առաջին
ԱՎԽ անդամներ, Երևանի թիվ 69 դպրոցի աշակերտները: Նրանք պատմեցին, թե ինչպես է ստեղծվել Աշակերտական վերականգնողական խորհուրդը, ինչպիսին են եղել նրանց սպասելիքները և մտավախություննրը, ներկայացրեցին խորհրդի գործունեության ընթացքում հաջողություններից և դժվարություններից քաղված դասերը: Աշակերտների ելույթի ընթացքում ներկայացվեցին նաև հարցազրույցներ դասղեկների և դպրոցի տնօրենի հետ, որոնք շեշտեցին ԱՎԽ-ի դրական ներդրումը դպրոցի կարգապահական խնդիրների լուծման գործում:
Համաժողովին մասնակցեցին մոտ 80 ներկայացուցիչներ տարբեր կառույցներից` ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, և բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններից: Ելույթները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ներկաների մոտ, որոնք հնարավորություն ունեցան կիսել իրենց կարծիքները և լրացուցիչ տեղեկություններ ստանալ ընդմիջմանը տեղի ունեցած ընդունելության ընթացքում:
ԶԱՆԳ ծրագրի ապագա զարգացման հարցերը քննարկվեցին ընդմիջումից հետո զուգահեռ տեղի ունեցող խմբային աշխատանքների ընթացքում: Առաջին խումբն ընգրկում էր Փի-Էյչ Ինթերնեշնլի անձնակազմը, ՀՎԿ համակարգողներին և ծրագրի գործընկերներին: Խումբը քննարկեց ԶԱՆԳ ծրագրի շարունակելիության և կայուն զարգացման հնարավոր տարբերակները: Երկրորդ խմբի մասնակիցներն էին ՀՎԿ խորհրդի անդամներ և ոստիկաններ, որոնք փոխանակեցին ՀՎԿ գործունեության իրենց փորձը: Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին միջոցառման կորևորությունն ու արդյունավետությունը: Գրեթե բոլորը կարևորեցին շահագրգիռ կողմերի հետ ծրագրի ՀՎԿ և ԱՎԽ բաղադրիչների զարգացման վերաբերյալ քննարկումները, նշելով, որ դրանք տեղին էին և անհրաժեշտ:
| |